Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Մայրաքաղաքի բոլոր ծառերը պետք է «բողոք» գրեն

Մայրաքաղաքի բոլոր ծառերը պետք է «բողոք» գրեն
19.09.2014 | 11:41

Երևանի կանաչ հատվածի պահպանումն ու դրա պատշաճ մշակումը քաղաքային իշխանություններին, մեղմ ասած, այնքան էլ չի հաջողվում: Մի կողմից՝ այն կրճատվում է ի հաշիվ էլիտար կառույցների կամ ժամանցային օբյեկտների, մյուս կողմից էլ եղածը համապատասխան ուշադրության չի արժանանում:
Այս ամռանը Երևանի տարբեր համայնքների քաղաքացիներ բողոքում էին, որ բազմաբնակարան շենքերի մերձակայքի ծառերը չեն սրսկվել, ինչի պատճառով բնակարանները լցվել են միջատներով: Մայրաքաղաքում ծառերի «բուժումը», խնամքը սահմանափակվում են գարնանը ծառի մինչև «հոգու խորքը» էտումով և ծառերի կրապատմամբ: Ոչ ավելի: Այնինչ յուրաքանչյուր ծառի խնամքի համար տարեկան բավականին գումար է տրամադրվում բյուջեով: Ո՞Ւր են գնում այդ գումարները, եթե քաղաքի ծառերն այսպիսի անմխիթար վիճակում են, ու ընդհանրապես ծառերը ինչո՞ւ չեն սրսկվում:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-դենդրոլոգ Արսեն Հազարապետյանը մեզ հետ զրույցում դժվարացավ նշել, թե որքան գումար է նախատեսված ծառերի սրսկման համար, բայց վստահեցրեց, որ ամեն տարի նախորդի համեմատ ավելի շատ ծառեր են սրսկվում ու համապատասխան բուժման ենթարկվում: Ըստ պաշտոնյայի, մեկ սեզոնի ընթացքում հնարավոր չէ մայրաքաղաքի բոլոր ծառերի խնամքն իրականացնել, այդ թվում՝ սրսկել, սակայն եթե քաղաքապետարան դիմեին քաղաքացիներ, հստակ հասցե մատնանշելով, անպայման ընթացք կտրվեր նրանց բողոքին: Ասել է` պետք է բողոքել, դիմում գրել, որ տվյալ հատվածի ծառերն ուշադրության արժանանան: Աշնանը ծառերի սրսկում, բուժում չեն իրականացվում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքում նշված է, որ 2014-ին Երևանում նախատեսված է 24000 ծառի էտում, 40000 ծառի կրապատում, 27000-ի` բուժում: Քաղաքապետարանը նաև այս տարվա ընթացքում պետք է տնկի 40000 ծառ և թուփ, հիմնականում հացենի, թխկի, ակացիա, բարդի և կաղնի: Սակայն քաղաքացիների բողոքների համեմատ այս թվերն այնքան էլ խոսուն չեն: Խնդիրը միայն տնկելը չէ, շատ ավելի կարևոր են դրանց մշակումը, խնամքը:
Ի վերջո, Երևանի «թոքերը»` ծառերը, կենսական նշանակություն ունեն «թթվածնային քաղց» ապրող մայրաքաղաքի բնակիչների համար: Քաղաքային իշխանությունների հոգածության թիվ մեկ խնդիրը պետք է լինի Երևանի կանաչ գոտու, այդ թվում` ծառերի պահպանումն ու մշակումը, որովհետև առանց այն էլ օր օրի կրճատվող կանաչ տարածքը և կտրվող ծառերը մայրաքաղաքի չափից ավելի կեղտոտ օդն ավելի անտանելի են դարձնում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ